Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ RESPONSABILITY INVESTMENTS AG ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ RESPONSABILITY INVESTMENTS AG ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

24.10.2019

Արմսվիսբանկը responsAbility Investments AG ակտիվների կառավարման առաջատար կազմակերպության մասնավոր հիմնադրամներից ներգրավել է 3 մլն ԱՄՆ դոլար և 5 մլն եվրո գումարի չափով, 5 տարի մարման ժամկետով վարկային միջոցներ: Ներգրավված միջոցներն ուղղվելու են Բանկի վարկային ներդրումների ավելացմանը:

«Այս գործարքն առաջինն է Արմսվիսբանկի և responsAbility Investments AG կազմակերպության միջև և մենք լիահույս ենք, որ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ և կնպաստի մեր հաճախորդների համար առավել բարենպաստ վարկային պայմանների ապահովմանը: Միաժամանակ, մենք կարևորում ենք միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը նոր գործընկերների ներգրավման միջոցով, ինչպիսին, տվյալ դեպքում, responsAbility Investments AG կազմակերպությունն է», նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

responsAbility-ն զարգացող երկրներում ներդրումային ակտիվների կառավարման ոլորտի առաջատարներից է` 3 մլրդ ԱՄՆ դոլարի պորտֆելով: Ընկերությունը զանազան ներդրումային գործիքների միջոցով մասնավոր պարտքային և բաժնային ֆինանսավորում է տրամադրում 90 երկրներում գործող` ներառական բիզնես-մոդելներ ունեցող շուրջ 450 կազմակերպությունների: Հիմնադրվել է 2003թ, գլխամասը գտնվում է Ցյուրիխում, տարածաշրջանային գրասենյակները` Բանգկոկում, Ժնևում, Հոնկոնգում, Լիմայում, Լյուքսեմբուրգում, Մումբայիում, Նայրոբիում, Օսլոյում ու Փարիզում:

Արմսվիսբանկը հիմնադրվել է 2004թ-ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, ADB, KFW, EIB, IIB, FCI և այլ կազմակերպությունները:


Բոլոր իրադարձությունները