Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՎԵՐԱԶԻՆՎԵԼ Է ԱՐԶՆՈՒ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՆ և ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԸ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՎԵՐԱԶԻՆՎԵԼ Է ԱՐԶՆՈՒ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՆ և ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԸ

28.12.2020

25.12.2020թ-ին կայացավ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի՝ տեխնոլոգիական նոր լուծումներով վերազինված թռչնանոցների և շահագործման հանձնված արևային կայանի բացման շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին գործընկեր-բանկ հանդիսացող Արմսվիսբանկի ղեկավարները, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, Կոտայքի մարզպետի տեղակալը և մի շարք գործարարներ:

Թռչնաֆաբրիկայի վերազինման և արևային կայանի կառուցման համար Ընկերության կողմից կատարվել են ավելի քան 670 մլն ՀՀ դրամի ներդրումներ: Սեփական միջոցներից բացի Ընկերությունը օգտվել է նաև մի շարք արտոնյալ վարկային ծրագրերից:

Թռչնաֆաբրիկայի վերազինման նախագիծը Արմսվիսբանկի կողմից ֆինանսավորվել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում, ինչի շնորհիվ պետությունն ամբողջությամբ սուբսիդավորում է Ընկերության տոկոսային ծախերի 100%-ը: Վերազինման շրջանակում ներդրվել են գերմանական հայտնի Հելման ընկերությունից ձեռք բերված վանդակային մարտկոցների գերժամանակակից տեխնոլոգիաներ:

Արևային կայանի նախագիծը ֆինանսավորվել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի EBRD GEFF 2019 ծրագրի միջոցներով: Արևային կայանի հզորությունը 650 ԿՎտ/ժ է, որը տարեկան արտադրում է շուրջ 1,120,000 ԿՎտ մաքուր էլեկտրաէներգիա, ինչն ապահովում է տարեկան շուրջ 50,000,000 ՀՀ դրամ գումարի ծախսերի տնտեսում: Արդունքում տարեկան կրճատվում է նաև շուրջ 272 տոննա ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ: Արևային կայանի շահագործումը նույնպես էական ազդեցություն է ունեցել Ընկերության էլեկտրաէներգիայի ծախսերի տնտեսման և արտադրանքի ինքնարժեքի նվազման վրա՝ ապահովելով արտադրական գործընթացների սնուցումը արտադրված սեփական էլէկտաէներգիայի միջոցով: Արևային կայանը նախագծվել և տեղադրվել է «Մուլտի Սոլար» ընկերության կողմից, ընդ որում, 2020թ-ի ընթացքում փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի քանակը 4 տոկոսով գերազանցել է նախանշված ցուցանիշը:

«Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի տնօրեն Գևորգ Ջանվելյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է վերազինված թռչնանոցները և վերազինման ազդեցությունն արտադրական գործընթացների վրա: «Մենք արտադրական պրոցեսների ավտոմատացման և էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ տնտեսում ենք էական արտադրական ծախսեր: Թռչուններին ավտոմատ կերակրելու միջոցով էապես կրճատել ենք կերի ծախսերը և ունենք արտադրանքի կորուստների շեշտակի նվազում: Ապահովել ենք որակի կառավարման անհամեմատ բարձր մակարդակ: Արդեն ստանում ենք մաքուր և անվտանգ արտադրանք»,- նշել է Ընկերության գործադիր տնօրենը:

«Վերազինման միջոցով մեկ թռչնանոցի կտրվածքով շեշտակի ավելացրել ենք միաժամանակ պահվող թռչուների քանակը՝ 22 հազարից հասցնելով մինչև 70 հազարի: Արտադրանքի ինքնաժեքի նվազեցումը թույլ կտա զարգացնել մեր արտահանման հնարավորությունները և կարճ ժամանակում կրկին մուտք գործել Վրաստանի շուկա: Ինչ վերաբերում է շահագործմանը հանձնված արևային կայանին, ապա պետք է ընդգծեմ, որ այն մեզ տալիս է էներգետիկ անկախություն և գրանցել ենք սպասվածից ավելի լավ արդյունքներ: Այս ծրագրերի իրականացումը հնարավոր դարձավ Արմսվիսբանկի հետ բազմակողմանի, արդյունավետ և ճկուն համագործակցության արդյունքում, որի համար շատ շնորհակալ ենք Արմսվիսբանկին և նրա անձնակազմին»,- նշել է Ընկերության սեփականատեր Գեղամ Ջանվելյանը:

«Ընկերության և Բանկի համագործակցությունը սկիզբ է առնում դեևս 2009թ-ից և այսօրվա գործարկված թռնչանոցների վերազինման և արևային կայանի նախագծերը Ընկերության հետ արդյունավետ և ինտենսիվ աշխատանքի արդյունք են: Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Ընկերությանը և վերջինիս անձնակազմին այս նախաձեռնությունների համար: Մենք վստահ ենք, որ Ընկերության և Բանկի միջև ձևավորված համագործակցությունը կլինի շարունակական»,- նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

«Մեզ պետք են ժամանակակից և արդյունավետ արտադրություններ, որոնք կլինեն մրցունակ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում: Այս արտադրությունը դրա լավագույն օրինակներից մեկն է»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

«Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Հիմնական արտադրական հզորությունները կենտրոնացված են գ. Արզնիում: Երկարամյա փորձի և բարձր տեխնոլոգիական հագեցվածության շնորհիվ Ընկերությունը վերջնական սպառողին է առաջարկում էկոլոգիապես մաքուր և որակյալ ձվի, մսամթերքի (հավ, տավար, խոզ) և կաթնամթերքի լայն տեսականի, և հանդիսանում է տվյալ ոլորտի ընդգծված առաջատարներից մեկը:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ-ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկի ռազմավարական ուղղություններից է հանդիսանում նաև վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ արևային կայանների, էներգաարդյունավետության և ժամանակակից գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորումը:


Բոլոր իրադարձությունները