Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ. ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ BANKS.AM ԿԱՅՔԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ. ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ BANKS.AM ԿԱՅՔԻՆ ՏՐՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

02.12.2016

Banks.am-ը զրուցել է Արմսվիսբանկի բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Անժելա Բարսեղյանի հետ:

- Արմսվիսբանկն իր գործառույթներով եւ իմիջով էապես տարբերվում է Հայաստանում ձեւավորված բանկի ավանդական պատկերացումից: Ի՞նչ առանձնահատկություններ ունի բանկը, որոնք առանձնացնում են նրան համակարգի մյուս խաղացողներից:

- Արմսվիսբանկը հիմնադրվել է 2005-ին եւ շուրջ 11 տարի է, ինչ ծավալում է գործունեություն ՀՀ բանկային շուկայում: Բանկի հիմնադիր եւ հիմնական բաժնետերն է շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկե­րութ­յան հիմնադիր, սեփականատեր եւ գործադիր տնօրեն, հայազգի գործարար Վարտան Սիրմակեսը:

Բանկի հիմնադրման նպատակն էր Հայաստանում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան բանկ: Քանի որ այդ տարիներին ՀՀ բանկային համակարգում կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունները կոմպլեքսային կերպով մատուցող մասնագիտացված բանկ չկար, այդ գործոնը հաշվի առնելով՝ նպատակ դրվեց նաեւ լրացնելու այդ բացը բանկային ոլորտում:

Առհասարակ, Արմսվիսբանկն ունի մի շարք առանձնահատկություններ, որով զբաղեցնում է իր ուրույն տեղը ՀՀ բանկային ոլորտում:

Նախ, բանկն ի սկզբանե զանգվածային սպասարկում չի իրականացրել եւ իր առջեւ նման խնդիր չի դրել: Արմսվիսբանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը,  գործունեությունն իրականացնում է կորպորատիվ եւ ներդրումային ուղղություններով՝ ներդնելով միջազգային բանկային համակարգում ընդունված փրայվիթ բանկային (Private banking) տեխնոլոգիաները: Եվ միայն իր կորպորատիվ հաճախորդներին ամբողջական ֆինանսական լուծումներ եւ կոմպլեքսային սպասարկում իրականացնելու նպատակով բանկն ապահովում է որոշակի զանգվածային սպասարկման գործիքների շրջանակ:

Իհարկե, Արմսվիսբանկի ամենամեծ առանձնահատկությունը կարելի է համարել ներդրումային բանկային ծառայությունների շրջանակը, որով հանդես է գալիս արժեթղթերի շուկայում: Հարկ է նշել նաեւ, որ Արմսվիսբանկը հանդիսանում է «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի ակտիվ անդամ միջբանկային գործառնություններ իրականացնելիս: Բանկն իր հիմնադրման սկզբից եւեթ հանդես է եկել ակտիվ ներդրումային գործունեությամբ՝ իրականացնելով ընկերությունների արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման գործառույթներ:

Առանձնահատկություններից է նաեւ այն, որ բանկային պրոդուկտների առաջմղման նպատակով կիրառվել եւ շարունակելու է կիրառվել «դիրեկտ մարքեթինգի» մեթոդը, որն արտահայտվում է գործող եւ պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպումներով եւ անհատական լուծումների բացահայտմամբ: Այն բխում է մեր բիզնես զարգացման մոդելի հոգեբանությունից, ըստ որի` բանկը ձեռնպահ է մնում թռիչքային աճից եւ հաճախորդների թվի քանակային ընդլայնումից: Բանկը կենտրոնանում է գործող հաճախորդների եւ նրանց անհատական կարիքների անընդհատ բացահայտման վրա, որի արդյունքում մշտապես բարելավում է մատուցվող ծառայությունների որակը: Այլ խոսքերով, բանկի ամենօրյա աշխատանքները եւ ջանքերն ուղղված են ոչ թե ակտիվների կտրուկ աճի ապահովմանը, օրինակ, նոր բանկային պրոդուկտներով զանգվածային սեգմենտների գրավմանը, այլ գործող հաճախորդների կարիքների բավարարմանը՝ կոմպլեքսային ծառայությունների ապահովմամբ:

- Վերջին շրջանում կապիտալի համալրման հարցը բանկային համակարգի առավել զգայուն թեման է.   պատրա՞ստ է արդյոք Արմսվիսբանկ-ը ՀՀ ԿԲ-ի որոշմամբ սահմանված փոփոխությանը:

- Իհարկե, Արմսվիսբանկի սեփականատերերը, գիտակցելով իրենց պատասխանատվությունը բանկի հաճախորդների հանդեպ, դեռեւս այս տարվա մարտին համալրել են ընդհանուր նորմատիվային կապիտալի մեծությունը՝ հասցնելով այն 31,4 մլրդ դրամ: Հոկտեմբերի 30-ի դրությամբ այս ցուցանիշն արդեն կազմում է 33,6 մլրդ դրամ: Այնպես որ, Արմսվիսբանկի հաճախորդները կարող են իրենց ապահով զգալ եւ իրենց գործնական պլանները կապել մեր բանկի հետ:

- Հաճախորդների ո՞ր խումբն է համարվում թիրախային բանկի տեսանկյունից:

- Բանկի համար թիրախային են համարվում այն բոլոր կորպորատիվ հաճախորդները, որոնք վարում են առողջ գործունեություն, ունեն ապագային միտված եւ արդարացված ծրագրեր: Բնականաբար, կարեւորում ենք նաեւ ընկերության ղեկավար կազմի մասնագիտական պատրաստվածությունը եւ ոչ ավանդական ֆինանսական տեխնոլոգիաներից օգտվելու պատրաստակամությունը: Այս պահին Բանկը հատկապես կենտրոնացած է արտադրող եւ ներմուծման փոխարինելիությունն ապահովող, ինչպես նաեւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների ֆինանսավորման ծրագրերի ուղղությամբ:

Համագործակցելով տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ՝ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է առեւտրի ֆինանսավորման տարատեսակ արդյունավետ լուծումներ:

- Կներկայացնե՞ք, թե Արմսվիսբանկն ինչ միջազգային բանկերի ու ֆինանսական կառույցների հետ է համագործակցում եւ ինչ ուղղություններով:

- Բանկը մշտապես բաց է եղել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցություն սկսելու գործում՝ միաժամանակ հանդիսանալով գրավիչ եւ վստահելի գործընկեր նշված կառույցների համար:

2008-ին բանկն առաջինը տարածաշրջանում, անդամակցեց FCI (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային ընկերությանը, ինչը հեռանկարային զարգացման ուղիներ բացեց բանկում ֆակտորինգային ծառայությունների զարգացման համար:

Սկսած 2010-ից բանկը համագործակցում է Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ «Առեւտրի ֆինանսավորման» եւ «ՓՄՁ վարկավորման» ծրագրերի շրջանակում: Ընդ որում,այս ընթացքում համագործակցության սկզբում «Առեւտրի ֆինանսավորման» գծով հաստատված սահմանաչափը եռապատկվել է (այժմ կազմում է $9 մլն), ինչպես նաեւ ստորագրվել են նոր պայմանագրեր «ՓՄՁ վարկավորման» գծով (եւս $10 մլն):

2015-ին բանկը, խորացնելով իր համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ, կնքեց նաեւ նոր պայմանագիր Էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման գծով:

Ավելացնեմ, որ, որպես երկարատեւ սերտ համագործակցության արդյունք, 2015-ին Առեւտրի ֆինանսավորման ծրագրի (TFP-Trade Facilitation Programme) շրջանակում ՎԶԵԲ-ի կողմից Արմսվիսբանկին շնորհվեց Հաստատող բանկի կարգավիճակ՝ հօգուտ հայկական արտահանող ընկերությունների արտասահմանյան բանկերի կողմից թողարկվող ակրեդիտիվները եւ երաշխիքները հաստատելու նպատակով:

«Առեւտրի ֆինանսավորման ծրագրի» շրջանակում բանկը համագործակցում է նաեւ «Ասիական Զարգացման Բանկ»-ի, «ԲայերնԷլԲի» բանկի, «Պրոմսվյազբանկ»-ի եւ այլնի հետ:

2015-ին բանկն անդամակցել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող «Գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառի ՓՄՁ-ների վարկավորում» ծրագրին եւ ակտիվ գործունեություն իրականացրել՝ ֆինանսավորելով մի շարք ծրագրեր:

Այս ընթացքում շարունակվել է համագործակցությունը նաեւ «Գերմանահայկական հիմնադրամ» ԾԿԳ Հիմնարկի հետ «ՓՄՁ վարկավորման» ու «Վերականգնվող էներգիայի զարգացում» վարկային ծրագրերի գծով: Ավելացնեմ, որ «Վերականգնվող էներգիայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակում, ինչպես նաեւ բանկի ռեսուրսներով այս ընթացքում ֆինանսավորվել է ընդհանուր առմամբ 40 հէկ:

- Հնարավոր է արդյո՞ք նոր մասնաճյուղեր բացվեն եւ արդյոք առաջիկայում նախատեսում եք մտնել մանրածախ բանկինիգի ոլորտ:

- Ինչ վերաբերում է բանկի ընդլայնմանը, ապա առաջիկայում չեն բացառվում որոշակի զարգացումներ այս ուղղությամբ: Առհասարակ, որեւէ ընդլայնում ինքնանպատակ չէ, եւ այն պետք է պայմանավորված լինի շուկայի պահանջներով եւ համահունչ՝ բիզնեսի փիլիսոփայությանը:

Զանգվածային սպասարկման որոշ պրոդուկտների մասով, մասնավորապես պլաստիկ քարտերի գծով, սպասվում են նոր զարգացումներ, որոնք կրկին փրայվիթ տեխնոլոգիաներին համահունչ կծառայեն կորպորատիվ հաճախորդների պահանջմունքները բավարարելուն: Սկզբնական փուլում բանկն առաջարկելու է քարտային պրոդուկտներ իր գործող հաճախորդներին՝ մատուցվող ծառայությունների ամբողջականությունն ապահովելու նպատակով: Առայժմ չենք նախատեսում բանկոմատների եւ POS տերմինալների լայն ցանցի ապահովում, սակայն հետագայում, ելնելով բանկի գրասենյակների ընդլայնման եւ հետեւաբար նաեւ հաճախորդների կողմից պահանջարկի աճից, չի բացառվում նաեւ բանկոմատների եւ POS տերմինալների ցանցի ընդլայնումը:

- Արդյո՞ք մասնաճյուղեր չունենալու հանգամանքը չի խանգարում հաճախորդների հարմարավետ սպասարկման իրականացմանը:

- Ոչ: Արմսվիսբանկն իր հաճախորդներին տրամադրում է ժամանակակից պահանջներին համապատասխան հեռահար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ (ինտերնետ-բանկ, բանկ-հաճախորդ եւ բջջային հավելվածներ), որոնց միջոցով հաճախորդները կառավարում են իրենց հաշիվներն առցանց կամ բանկ-հաճախորդ համակարգի միջոցով՝ առանց բանկ այցելելու:

Բանկի հաճախորդների գրեթե 70%-ը՝ այդ թվում նաեւ Հայաստանի տարբեր մարզերում գործող հէկերը եւ այլ արտադրությամբ զբաղվող ընկերություններն ակտիվորեն օգտվում են հեռահար ծառայություններից:

Նշեմ, որ այս ցուցանիշը տարեցտարի աճում է:

Անժելա Բարսեղյանի հետ զրուցել է Սիրանուշ Սիմոնյանը


Բոլոր իրադարձությունները