Ձեր հեռախոսահամարը չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *
2025 թվականի փետրվարի 18-ին Հարավային Կորեայում տեղի ունեցած Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) Խորհրդի 41-րդ տարեկան ժողովի ընթացքում ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն ստացավ հավատարմագրում՝ դառնալով Հայաստանի Հանրապետությունում GCF-ի կողմից հավատարմագրված առաջին և միակ մասնավոր կառույցը։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը, առաջադրվելով ՀՀ պետական լիազոր մարմինների կողմից, 2020 թվականից գտնվում էր Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրվելու գործընթացում։ Հավատարմագրման շնորհիվ Բանկը ստացավ ուղիղ հասանելիություն աշխարհի խոշորագույն կլիմայական ֆինանսավորման հիմնադրամին՝ հնարավորություն ստանալով ներգրավել մինչև 50,000,000 ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ միջոցներ՝ Հայաստանի կլիմայական օրակարգին համապատասխան ծրագրերի ֆինանսավորման համար։
Այս ձեռքբերումը կարևորագույն նշանակություն ունի ոչ միայն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի, այլև Հայաստանի Հանրապետության համար՝ խթանելով երկրի ջանքերը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում և կայուն զարգացմանն ուղղված ներդրումների ներգրավման գործում։
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը՝ Կանաչ ֆինանսավորման առաջամարտիկ
Հավատարմագրված լինելով GCF-ի կողմից՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ստանձնում է էկոլոգիապես կայուն նախագծերի ֆինանսավորման առաջամարտիկի դեր՝ աջակցելով տեղական ընկերություններին և կազմակերպություններին՝ իրականացնելով կանաչ ներդրումներ։ Բանկը կկենտրոնանա էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, կայուն ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ բնապահպանական նախագծերի ֆինանսավորման վրա, որոնք կնպաստեն ՀՀ կլիմայական ռազմավարության իրականացմանը։
Կանաչ Կլիմայի Հիմնադրամի (GCF) գլխավոր ներդրումային պատասխանատու Հենրի Գոնսալեսը նշեց.-«GCF-ն ուրախ է ողջունելու ArmSwissBank-ին որպես Հիմնադրամի հավատարմագրման ցանցի ազգային ուղղակի հասանելիություն ունեցող կազմակերպություն։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կբացի կլիմայական գործողությունների ոլորտում, որը կաջակցի Հայաստանի ցածր արտանետումներով, կլիմայական դիմակայուն և կայուն զարգացման արագացմանը»:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ Գործադիր Տնօրեն Գևորգ Մաչայանը նշեց.-«Վերջին 10 տարիներին Կանաչ և Կայուն ֆինանսավորումը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի առաջնահերթություններից է և դարձել է ռազմավարական ուղղություն։ 2020-2022թվականներին Բանկը կառավարել է GCF-ի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիրը, որը կարևոր քայլ էր՝ հավատարմագրմանը նախապատրաստվելու և ՀՀ-ում Կանաչ ֆինանսավորման փորձը բարձրացնելու համար։ GCF-ի կողմից հավատարմագրումն ոչ միայն Բանկի կայուն զարգացման ռազմավարության կարևորագույն հանգրվանն է, այլև մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տնտեսության համար՝ ներգրավելու միջազգային կլիմայական ֆինանսավորման ռեսուրսներ։ Մենք հավատացած ենք, որ այս հնարավորությունը կխթանի կանաչ ներդրումները, կաջակցի տնտեսվարողներին և կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանը։ Օգտակարությունը կայանում է ոչ միայն մատչելի ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու մեջ, այլ նաև այն փաստում, որ հավատարմագրման շրջանակներում Բանկը հնարավորություն կունենա ներգրավել առաջատար միջազգային փորձագետների՝ համապատասխան գործիքակազմերի մշակման և աշխատակիցների կարողությունների բարձրացման համար»։
Կանաչ Կլիմայի Հիմնադրամի մասին
Կանաչ Կլիմայի Հիմնադրամը (GCF)՝ Փարիզի համաձայնագրի կարևոր բաղադրիչներից է` աշխարհի խոշորագույն կլիմայական հիմնադրամը, որի առաքելությունն է աջակցել զարգացող երկրներին բարձրացնել և իրականացնել իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) հավակնությունները՝ ցածր ածխածնային և կլիմային դիմակայուն ուղիներով։ Այս հիմնադրամի կողից այժմ հավատարմագրված են 145 կառույց, որից 17-ը ռեգիոնալ, 52-ը միջազգային և 76-ը ազգային ընկերություններ են (56-ը մասնավոր):
Բոլոր իրադարձությունները