Իրադարձություններ
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿՆՔԵԼ ԵՆ €20 ՄԻԼԻՈՆԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԸ ԿՆՔԵԼ ԵՆ €20 ՄԻԼԻՈՆԻ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

04.03.2025

«ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն առաջին անգամ ՀՀ-ում կնքել է 20 մլն եվրո ծավալով երաշխիքային գործիքի պայմանագիր Եվրոպական Ներդրումային Ֆոնդի (EIF) հետ:

Նոր ֆինանսական միջոցները նպատակ ունի խթանելու Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ աջակցելով փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և կանանց ձեռներեցությանը։

Այս համագործակցությունը EIF-ի առաջին ծրագրային համագործակցությունն է ՀՀ-ում և ունի կարևոր նշանակություն: Պայմանագրի շրջանակում տրամադրվող երաշխիքները հնարավորություն են տալիս ՓՄՁ-ներին ստանալ ավելի հասանելի և ճկուն ֆինանսավորում՝ մեղմ գրավային պահանջներով և ավելի երկար վարկավորման ժամկետներով։

Երաշխիքային գործիքը տրամադրվում է Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) և Եվրոպական Միության (ԵՄ) աջակցությամբ: Մեկ հաճախորդին հասանելի երաշխիքային գործիքի չափը կարող է հասնել մինչև 5 մլն եվրոյի, ինչը հնարավորություն է տալիս այս ծրագրերից օգտվելու ոչ միայն ՓՄՁ-ներին, այլ նաև միջին և խոշոր ընկերություններին։

ԱրմՍվիսԲանկը նախատեսում է ծրագրի 20%-ը հատկացնել կանանց ձեռներեցության խթանմանը՝ կազմակերպելով տեղեկատվական և կրթական միջոցառումներ, ինչպես նաև հատուկ ֆինանսական ծրագրեր՝ ուղղված կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների զարգացմանը։

Համագործակցության արդյունքում բիզնեսներին կտրամադրվեն ավելի մրցունակ պայմաններով ֆինանսական գործիքներ, այդ թվում վարկեր, լիզինգ, ֆակտորինգ և բանկային երաշխիքներ՝ դարձնելով ֆինանսավորումը առավել մատչելի և արդյունավետ։

ԱրմՍվիսԲանկը կշարունակի ներդնել միջազգային լավագույն փորձը Հայաստանի ֆինանսական համակարգում՝ իր հաճախորդներին առաջարկելով կայուն և նորարարական լուծումներ։

Եվրոպական Ներդրումային Ֆոնդի մասին

Եվրոպական Ներդրումային Ֆոնդը (European Investment Fund, EIF) Եվրոպական Միության հիմնադրած ֆինանսական կազմակերպություն է, որն ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման աջակցությանը, ինչպես նաև նորաստեղծ ընկերությունների (start-ups) զարգացմանը։ Այն հանդիսանում է ԵՄ ֆինանսական կառույցների մի մաս՝ ապահովելով նորարարական և ռիսկային ֆինանսավորում, որը բարձրացնում է Եվրոպայի տնտեսական աճը։

EIF-ը համախմբում է մասնավոր և պետական հատվածները՝ նպատակ ունենալով աջակցել Եվրոպայում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունների ստեղծմանը։


Բոլոր իրադարձությունները