Ներդրումային գործիքներ

Բանկը, օգտագործելով հայաստանյան և միջազգային շուկաներում առկա հնարավորությունները, մշակում է ներդրված կապիտալի պահպանմանը, ընթացիկ եկամտաբերության ստացմանը և կապիտալի հետագա արժեքավորմանն ուղղված արդյունավետ ներդրումային լուծումներ, որոնք իրականացվում են` կիրառելով հետևյալ ներդրումային գործիքները.

Փողի շուկայի գործիքներ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրենց ազատ դրամական միջոցները կարճ ժամանակահատվածների համար ներդնել փողի շուկայի բազմապիսի գործիքներում, ինչը դրանց կառավարումը դարձնում է էլ ավելի շահութաբեր և արդյունավետ: Այս նպատակով մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ներդրումներ կատարել փողի շուկայի հետևյալ գործիքներում.

  • Գործարքներ պետական արժեթղթերով (առք ու վաճառք, ֆորվարդային պայմանագրեր)
  • Արտարժութային գործարքներ (առք ու վաճառք, սվոփեր, ֆորվարդային պայմանագրեր)
  • Հետգնման համաձայնագրեր (ռեպո, հակադարձ ռեպո)
  • Գործարքներ ոսկու ստանդարտ ձուլակտորներով

Բաժնետոմսեր

Բաժնետոմսը հավաստում է բաժնետիրական ընկերության սեփականության որոշակի բաժնին տիրապետելու ներդրողի իրավունքը և իր սեփականատիրոջը տալիս է մի շարք իրավունքներ, առավելություններ և լիազորություններ: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը բաժնետոմսեր առաջարկում է բարձր եկամուտ ակնկալող հաճախորդներին, որոնք պատրաստ են դիմել համարժեք ռիսկի: Բաժնետոմսերում ներդրողները շուկայի բարենպաստ պայմաններում բաժնետոմսերի գների տատանումներից կարող են ակնկալել բավականին բարձ եկամուտներ:

Պարտատոմսեր

Ներդրված գումարի դիմաց պարտատոմսերն ապահովում են հաստատուն եկամուտ սահմանված ժամանակահատվածի համար և ունեն ավելի մեղմ տատանողականություն, քան բաժնետոմսերը: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը պարտատոմսեր է առաջարկում այն ներդրողներին, որոնք ցանկանում են ունենալ սեփական կապիտալի պաշտպանվածության բարձր մակարդակ և երաշխավորված եկամուտ: Ի տարբերություն բաժնետոմսերի սեփականատերերի, որոնց եկամուտներն անկայուն են, պարտատոմսերի սեփականատերերն ունեն ավելի կանխատեսված եկամուտներ վայելելու առավելությունը: 

Ներդրումային հինադրամների փայեր

Սեփական բաժնետոմսերի (փայերի) թողարկման միջոցով ներդրումային հիմնադրամները հավաքագրում են դրամական միջոցներ և դրանք ներդնում են ֆինանսական շուկայի այլ գործիքների մեջ` պրոֆեսիոնալ կառավարիչի միջոցով կառավարելով հիմնադրամի կապիտալը տնօրինողների կոլեկտիվ ներդրումները: Իր միջոցները ներդնելով ներդրումային հիմնադրամներում` հաճախորդը ստանում է ներդրումային գործիքների դիվերսիֆիկացիայի և պորտֆելի կառավարման այնպիսի  մակարդակ, որը հասու չէ անհատ ներդրողին, քանի որ դա պահանջում է հատուկ գիտելիքներ, պրոֆեսիոնալ տեղեկատվությամբ ապահովվածության բարձր մակարդակ և արժեթղթերի շուկայի տեխնիկական ու ֆունդամենտալ վերլուծության անընդհատ իրականացման անհրաժեշտություն: Ներդրումային հիմնադրամների փայերն, իտարբերություն բաժնետոմսերի և պարտատոմսերի, ապահովում են եկամտաբերության բավականին բարձր մակարդակ` չափավոր ռիսկայնության պայմաններում:

Ֆյուչերսներ

Ֆյուչերսային պայմանագիրը (ֆյուչերսը) երկու կողմերի միջև համաձայնություն է պայմանագրի հիմքում ընկած ակտիվն ապագայում գնելու կամ վաճառելու վերաբերյալ`պայմանագրի կնքման օրը սահմանված գնով: Ֆյուչերսը բորսայական ստանդարտացված գործիք է, որի հիմքում որպես ակտիվ հանդես են գալիս գյուղմթերքը, նավթամթերքը, մետաղները, արտարժույթը, ֆոնդային ինդեքսները,տոկոսադրույքները և այլ գործիքներ: Ֆյուչերսային պայմանագրի կնքումը նպատակ չի հետապնդում իրականացնել ակտիվի իրական առաքում, այլ ենթադրում է կնքված ֆյուչերսին հակադարձ գործարք կնքելու արդյունքում ձևավորված կամ ֆյուչերսի մարման օրը պայմանագրով սահմանված գնի և իրական շուկայում գործող գնի միջև տարբերության վճարումը շահող կողմին: Այս գործիքը ներդրողներին հնարավորություն կտա հեջավորել գների տատանումների հետկապված ռիսկերը, իսկ արտահանման և ներմուծման ոլորտներում գործող հաճախորդներին, ինչպես նաև ֆինանսական այլ կազմակերպություններին թույլ կտա առավել արդյունավետ դարձնել  իրենց ֆինանսական հոսքերի կառավարումը:

Արժույթային օպցիոն

Արժութային օպցիոն պայմանագիրը երկու կողմերի միջև համաձայնություն է, ըստ որի`օպցիոնի գնորդն որոշակի պարգևավճարի դիմաց իրավունք է ստանում (առանց պարտավորության) հետագայում նախապես սահմանված գնով և ժամկետում օպցիոն վաճառողից գնել կամ նրան վաճառել պայմանագրի հիմքում ընկած արժույթը: Այս գործիքը ներդրողներին հնարավորություն կտա հեջավորել փոխարժեքի տատանումների հետ կապված ռիսկերը, իսկ արտահանման և ներմուծման ոլորտներում գործող հաճախորդներին, ինչպես նաև ֆինանսական այլ կազմակերպություններին թույլ կտա առավել արդյունավետ կառավարել  իրենց ֆինանսական հոսքերը: