Այսօր՝ օգոստոսի 31-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կնքվեց պայմանագիր Արմսվիսբանկի և բուհի միջև։ Փաստաթուղթը ստորագրեցին ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։
Փաստաթղթի համաձայն՝ Բանկը ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիային անհատույց տրամադրում է բեմի համար նախատեսված ժամանակակից լուսային և այլ տեխնիկական միջոցներ։ Այս նվիրատվությամբ օպերային ստուդիան հնարավորություն կունենա բեմադրել լուսային ժամանակակից լուծումներ պահանջող բեմադրություններ, միջոցառումներ։
«Այս պայմանագիրը բուհ-մասնավոր սեկտոր համագործակցության հիանալի օրինակ է։ Արմսվիսբանկի տրամադրած տեխնիկայով մեծ աջակցություն է ցուցաբերվում նախ և առաջ երաժիշտ ուսանողներին, որոնք հետագայում հանդես են գալու միջազգային բեմերից և բարձր պահելու Հայաստանի անունը»,-նշել է ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը»։
«Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Բանկը կարևորում է մեր երկրում մշակութային ակտիվ կյանքը և այն նոր տեխնոլոգիաներով հագեցնելը:
Մեծանուն հայ օպերային երգչուհի և Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի՝ Օպերային ստուդիային աջակցություն տրամադրելու խնդրանքին, մենք անմիջապես արձագանքեցինք։ Տեղում այցելություն կատարելով՝ որոշում կայացվեց, որ պետք է կատարել մնայուն ու երկարատև աջակցություն, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ մշակութային կյանքում և հանդիսատեսի համար։
Մեր ցանկությունն է, որպեսզի նվիրաբերվող լուսային համակարգը նպատակային օգտագործվի և աշխուժացնի ուսանողների ուսումնական գործընթացը։
Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու գործում ունենանք մեր համեստ ներդրումն ու աջակցությունը։ Այդ նպատակով Բանկը երկար տարիներ հանդես է գալիս ՀՀ մշակութային տարբեր օջախներին աջակցության ծրագրերով»,- նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։
Բոլոր իրադարձությունները