Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվություն
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԱՈՒԴԻՈԳԻԴ ՍԱՐՔԵՐ

20.05.2024

2024թ.-ի մայիսի 18-ին, թանգարանների գիշերը, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հանդես է եկել ազգային մշակույթի խրախուսման հերթական նախաձեռնությամբ և Հայաստանի Պատմության թանգարանին է նվիրաբերել 40 աուդիոգիդ սարքեր:

Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանի Պատմության թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանում ներկայացված ցուցանմուշներին։

Ամեն տարի Հայաստանի Պատմության թանգարանը սպասարկում է ավելի քան 100.000 այցելուի, որոնց էական մասը նաև օտարերկրացիներ են, ովքեր ցանկություն են հայտնում ծանոթանալու ցուցանմուշներին: Աուդիոգիդերի գործածությունը հնարավորություն կտա ներկայացնելու բազմալեզու և ավելի ընդարձակ տեղեկատվություն:

«Շնորհավորում եմ Հայաստանի Պատմության թանգարանի մեր գործընկերներին և շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը կարևորում է մեր երկրի պատմամշակութային կառույցների նոր տեխնոլոգիաներով հագեցված լինելը: Սա նաև մեր պատմության պատշաճ ներկայացման և տարածման համար մեծ քայլ է», - նշել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր շնորհակալությունը հայտնեց ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին և անձամբ պարոն Մաչանյանին նման կարևոր նախաձեռնության համար՝ նշելով, որ աուդիոգիդերի նվիրատվությունը մաս է կազմում թանգարանի տեխնիկական վերազինման ու արդիականացման գործընթացի՝ միաժամանակ նպաստելով օտարերկրյա այցելուների ընդունելությունների որակի բարձրացմանը:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն իր գործունեության ողջ ընթացքում մշակույթի կողքին է և մինչ այժմ բազմաթիվ նմանօրինակ նախաձեռնություններով է հանդես եկել:

Կարևորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը եւ ժամանակին համահունչ լինելը՝ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը մշակութային եւ սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: Այս ընթացքում Բանկի կողմից նվիրաբերվել են 72 հատ ռադիոգիդ սարքեր Մատենադարանին, 48 ռադիոգիդ եւ 30 աուդիոգիդ սարքեր՝ Հայոց ցեղասպանության թանգարանին, 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին:


Բոլոր իրադարձությունները